Fergananews տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դանիիլ Կիսլովը «Լուրերի ազգային ծառայության» համար մեկնաբանել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին տեղեկությունը, որը հրապարակվել էր գործակալության կայքում:
Նրա խոսքով՝ Fergananews-ը պատասխանատու է հրապարակած տեղեկությունների արժանահավատության համար, իսկ երկրի իշխանությունները լավ կլիներ՝ այդ իրավիճակում չլռեին: «Ես Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրներին, կառավարությանը, նախագահի ապարատի մամլո ծառայությանն առաջարկում եմ պարզապես հրապարակել նրա հիվանդության մասին բժշկական ամփոփագիրը կամ նրան ողջ ցույց տալ հիվանդասենյակում»,- ասել է նա:
Օգոստոսի 29-ի երեկոյան Fergananews գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի ապարատում RIA Novosti-ի աղբյուրը հերքել է նրա մահվան մասին տեղեկությունը:
Օգոստոսի 29-ի ցերեկը նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Տիլյաևան Instagram-ում գրել էր, որ իր հայրը հոսպիտալացվել է: Նրա խոսքով` Ուզբեկստանի նախագահի մոտ օգոստոսի 27-ին ախտորոշել են գլխուղեղի արյունազեղում:











































