«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
– Պարոն Նիկոյան, ի՞նչ է կատարվում իշխանությունների ներսում, մասնավորապես ՀՀԿ-ում: Կարծես թե ազդեցությունների վերահաստատման կամ բաժանման շուրջ է պայքար գնում: Այդ համատեքստում կրկին արդիական է դարձել վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների քննարկումը: Եվ կարծես նրանց հարաբերությունները կրկին լարված են:
– Եթե հավատանք մամուլին, կարող է նույնիսկ այդպես թվալ:
– Պարզապես այդ հակասությունը մամուլ է տեղափոխվել:
– Հայաստանում մամուլը ոչ միայն իրողություն է արտացոլում կամ տեղեկատվություն է տալիս, այլև քարոզչություն է իրականացնում, հասարակական կարծիք ձևավորում:
– Համապետական ընտրություններից հետո հասարակության մեջ և քաղաքական դաշտում միշտ կադրային փոփոխությունների ու պետական համակարգում կառավարման որակի բարելավման ակնկալիք է առաջանում: Համաձայն չե՞ք, որ այս անգամ այդ ակնկալիքն ամբողջությամբ մնաց օդի մեջ:
– Միգուցե դեմքերի փոփոխություն չեղավ, և այդ առումով հասարակության սպասումները դեռևս բավարարված չեն: Բայց դրա փոխարեն պետական կառավարման համակարգում առաջարկվեց աշխատանքի կազմակերպման նոր ոճ՝ ավելի հրապարակային, ավելի թափանցիկ, ավելի պատասխանատու, և ավելի անհանդուրժող որևէ բացթողման և թերացումների նկատմամբ:
– Թերևս ավելի հրապարակային, բայց ոչ պատասխանատու:
– Ես կարծում եմ ավելի պատասխանատու, որովհետև յուրաքանչյուր հրապարակայնություն ինքնանպատակ չէ: Իշխանություններն իրենք են գնացել հրապարակայնության առավելագույն ճանապարհով: Եվ դա գործոններից մեկն է, որ մեր երկրում պետական կառավարման համակարգը հրապարակային լինելով հանդերձ՝ լինի նաև ավելի պատասխանատու: Եթե մեկը գիտի, որ ինքը խնդիր ունի, ու դա կդառնա հրապարակային, կարծում եմ, որ շատ ավելի ուշադիր կլինի իր գործունեության նկատմամբ:
– ՀԱԿ-ը վերսկսում է պայքարը՝ նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու, հանրահավաքների նոր շարք սկսելու մասին է հայտարարել: Իսկ իշխանությունները որևէ կերպ չեն ցանկանում հասարակության մեջ եղած դժգոհություններին լուծում տալ:
– ՀԱԿ-ի դեպքում որևէ երևույթ բոյկոտելու, քննադատելու, իշխանության հրաժարականը պահանջելու համար լուրջ պատճառ պետք չէ: Իսկ ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ առաջիկա տարիներին ներքաղաքական իրադարձությունները զարգանալու են վարչապետի պաշտոնի շուրջ պայքարով: Եվ ներքաղաքական այդ բոլոր իրադարձությունները, որ լրագրողական հետաքրքրություն առաջացրեցին, ես կապում եմ հենց այդ երևույթի հետ:
– ՀԱԿ-ը նախագահի իմպիչմենթ նախաձեռնելու, և ոչ թե վարչապետի պաշտոնանկության մասին է հայտարարել:
– Եվ նախագահի իմպիչմենթ, և բոլորը: ՀԱԿ-ը փաթեթով է պահանջում:
– Ի դեպ, ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը նեղ շրջապատում ասել է, որ պատերազմ է սկսելու այդ կուսակցության դեմ: Ի՞նչ խնդիրներ կան վարչապետի և ՀՅԴ-ի միջև: Դուք համարվում եք վարչապետի նեղ շրջապատի գործիչ:
– Եթե ուշադիր լինեք, ՀՅԴ-ի հայտարարությունը շատ զարմանալի էր և այդ ձևի մեջ՝ անսպասելի: Երբ հարցնում են, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել, ասում է, իր նեղ շրջապատում: Ինձ չի թվում, որ նա երբևիցե նեղ շրջապատում նման հայտարարություն արած լինի: Եվ նեղ շրջապատի արած հայտարարությանը ՀՅԴ-ի նման կուսակցությունը հրապարակային չէր պատասխանի: Դա ավելի շուտ անհաջող պատճառ էր, որ ՀՅԴ-ն իր սլաքն ուղղի վարչապետի դեմ: Եվ ես չեմ կարծում, որ ամբողջ ՀՅԴ-ն է կիսում այդ տեսակետը: Նրանցից շատերի համար հստակ է, որ, հակառակը, վարչապետը միշտ էլ ցանկություն է ունեցել համագործակցել ՀՅԴ-ի հետ, որովհետև դա խորհրդարանական կուսակցություն է: Իսկ յուրաքանչյուր վարչապետ ցանկանում է համագործակցել խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցության հետ: Եվ չեմ էլ կարծում, որ ՀՅԴ-ի մեջ որևէ մեկը կարծում է, որ վարչապետը նման բան է ասել: Սա մտնում է իմ ասած այն տրամաբանության մեջ, որ ներքաղաքական բոլոր գործողությունները գնալու են վարչապետի պաշտոնի շուրջ: Այդ համատեքստում ԲՀԿ-ն էլ իր տեսակետը արտահայտեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, թե իրենց խնդիրը միայն վարչապետի և նրա թիմի հետ է կապված: Կարելի է ասել, որ նորից շարքերը բյուրեղացան, հստակություն մտցվեց, և դա նշանակում է, որ գոնե այդ երեք կուսակցությունները ասում են նույն բանը և անում են նույն բանը: Եվ հետագա տարիների գործընթացներն այդ առանցքի շուրջ են տեղի ունենալու:
– Իսկ ինչո՞ւ են այդ ուժերը համախմբված քննադատում հիմնականում վարչապետին:
– Եթե դուք ուշադիր էիք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես ընդդիմադիր դաշտն ու այլընտրանքը համախմբվել էին: Եվ փորձ էր արվում ընտրությունների միջոցով լուծել իշխանափոխության խնդիրը: Դա չստացվեց: Երկրորդ փորձը նախագահական ընտրությունների ժամանակ էր, երբ կրկին համախմբվելու և ընդհանուր թեկնածու առաջադրելու քայլ արվեց, բայց տեսաք, թե ինչպես վերջացավ: Արդեն բոլորի համար պարզ է, որ նախագահի և խորհրդարանի շուրջ հարցերը լուծված են մինչև 2017-2018 թվականները: Եվ բոլորի համար ակնհայտ է, որ այդ դաշտում այլևս անելիք չկա: Հետևաբար` ո՞ր պաշտոնը մնաց, որը կարող է ներքաղաքական փոփոխությունների կամ իրենց ասած իշխանափոխության սկիզբը լինել: Վարչապետի պաշտոնը: Հաշվի առնելով Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն ու ուժերի այս պահի դասավորությունը, իմ կարծիքով` այդ պայքարը գնալու է վարչապետի պաշտոնի շուրջը: Եվ ամեն օր նոր «բացահայտումներ ու սկանդալներ» են կապելու նրա անվան հետ:
– Խոսակցություններ կան, որ աշնանը հնարավոր է` փոփոխություններ, իշխանության ներսում որոշակի տեղաշարժեր կլինեն: Հնարավո՞ր է, որ վարչապետի փոփոխություն էլ լինի:
– Վարչապետի առջև խնդիրը հստակ է դրված՝ տնտեսական աճի ապահովում: Մնացած բոլոր խնդիրների քննարկումը կապված է լինելու այդ հարցի, ՀՀ տնտեսության զարգացման աստիճանի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, միշտ էլ հնարավոր են որոշակի փոփոխություններ: Իշխանությունների առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրներն անընդհատ փոխվում են: Եվ իշխանությունը պետք է մարդկային և պետական ռեսուրսի ներուժ գտնի, որ դիմակայի այդ մարտահրավերներին:
– Իսկ ՀՀԿ-ն վերջնականապես կորցրե՞ց ԲՀԿ-ին:
– Ես այդ կարծիքին չեմ: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ եկեղեցու մոտ արած վերջին հայտարարությունը ինձ համար ամբողջովին ընկալելի է: Ինձ թվում է, որ այս պահին մեր կուսակցությունների հարաբերությունները կարելի է նորմալ գնահատել:







































