Մեքսիկայում ձերբակալվել է «Զետաս» խոշոր թմրակարտելի առաջնորդ Միգել Անխել Տրեվինիոն, ով հայտնի է Z-40 մականունով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տրեվինիոն ձերբակալվել է երկրի հյուսիսային Նուևո-Լարեդո քաղաքում: Նրա ձերբակալությունն արդեն հաստատել են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
«Զետաս» կարտելը ձևավորվել է Մեքսիկայի բանակային էլիտար ստորաբաժանումների նախկին աշխատակիցներից: Այն վերահսկում հանցավոր խմբավորումները երկրի 16 նահանգներում և տարբերվում է առանձնակի դաժանությամբ:
Տրեվինիոն, ով գլխավորում է թմրակարտելը անցած տարվա վերջից՝ նախկին առաջնորդ Էրիբերտո Լասկանոյի մահից հետո, ներառված է Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործների ցուցակում:
Տրեվինիոյի «որսը» կարող է բարձրացնել նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի վարկանիշը, ով խոստացել է նվազեցնել բռնության ու սպանությունների մակարդակը Մեքսիկայում, սակայն նրան դեռևս չի հաջողվել հասնել էական արդյունքների:






































