Երգչուհի Բեյոնսեն կիրակի երեկոյան Նյու Յորքում MTV Video Music Awards 2016 մրցանակաբաշխությանը ներկայացել է մայրերի ուղեկցությամբ, որոնց երեխաները զոհվել են հրազենից, այդ թվում՝ ոստիկանության ձեռքում: Այս մասին հայտնում է MTV հեռուստաալիքը:
Բեյոնսեն սպիտակ գորգի վրայով անցել է իր 4-ամյա դստեր՝ Բլյու Այվիի և 4 աֆրոամերիկացի կանանց ուղեկցությամբ, որոնք ներկայացնում են «Շարժման մայրեր» (Mothers of the Movement) խումբը: Նրանք բոլորն իրենց երեխաներին կորցրել են հրազենի կիրառմամբ բռնության հետևանքով, այդ թվում՝ ոստիկանների ձեռքով: Նրանց մեջ է եղել Լեզլի ՄաքՍփադդենը, որի որդին՝ սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունը, 2014 թ. օգոստոսին Ֆերգյուսոնում սպանվել է սպիտակամորթ ոստիկանի կողմից, որին ատենակալները պատասխանատվությունից ազատել են: Դեպքը լայնածավալ բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառ էր դարձել:











































