Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է ինքնուրույն ձևավորել իր աշխատանքային օրվա օրակարգը և որոշել՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ: Այս մասին հաղորդում է KAI գործակալությունը՝ վկայակոչելով քահանայապետի ընկերոջ և նախկին աշակերտի՝ արգենտինացի գրող Խորխե Միլայի խոսքերը:
Միլայի խոսքերով՝ իր հետ անձնական հեռախոսազրույցում Ֆրանցիսկոսն ասել է, որ իր շրջապատը շատ հարցերում որոշում է իր օրակարգը և ընդունելության ժամերը: Քահանայապետն ասել է, որ մտադիր է սահմանափակել այդ ազդեցությունը, որպեսզի ոչ թե իր քարտուղարները, այլ ինքը որոշի՝ ում ընդունել, ում՝ ոչ:
Բացի այդ, Հռոմի պապն իր ընկերոջը խոստովանել է, որ ծառայելու իր ոճը բախվում է Վատիկանի բազմամյա ծառայողների իներցիային, որը հեշտ չէ հաղթահարել:
Ֆրանցիսկոսը, հակառակ ավանդույթի, չի տեղափոխվել Վատիկանի Առաքելական պալատի պապական հարկաբաժիններ: Նա շարունակում է ապրել և աշխատել սուրբ Մարթայի տանը՝ Առաքելական պալատ այցելելով հատուկ ընդունելությունների դեպքում: Փորձագետները նշում են, որ դա շատ անհարմարություններ է պատճառում վատիկանյան տարբեր ծառայությունների աշխատակիցներին: Այս կապակցությամբ Խորխե Միլան ասել է. «Նա չի ցանկանում պալատում ապրել, քանի որ արդյունքում շատ պապեր դարձել են իրենց քարտուղարների «գերիները»»:











































