Չուլալոնգկորն թագավորի անվան Բանգկոկի համալսարանը ներողություն է խնդրել պաստառի համար, որում պատկերված է Ադոլֆ Հիտլերը: Այս մասին ուսումնական հաստատությունը հաղորդել է Facebook-ի իր էջում: Պաստառի վրա ուշադրություն է դարձրել Սիմոն Վիզենտալի իրավապաշտպան կենտրոնը, որը քննադատական մեկնաբանություններ էր գրել իր կայքում:
Համալսարանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ պաստառը նկարած ուսանողները չեն գիտակցել իրենց արարքի նշանակությունը: Նրանք որպես պատիժ բանավոր նախազգուշացում են ստացել:
Պաստառը, որի վրա սուպերհերոսներ Բեթմենի, Սուպերմենի կողքին պատկերված է նաև Հիտլերը, հայտնվել է նախորդ շաբաթ գեղարվեստի ֆակուլտետի շենքի մոտ: Լուսանկարում երիտասարդ աղջիկը, որն, ամենայն հավանականությամբ, համալսարանի շրջանավարտներից է, լուսանկարվել է Հիտլերի նկարի ֆոնին՝ օգտագործելով «նացիստական ողջույնի» ձևը:











































