Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2013 թ. 2-րդ եռամսյակի Սև ցուցակում այս անգամ հայտնվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
2013 թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:
Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը
անհիմն մերժում էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը (տես` http://givemeinfo.am/hy/case/1182/):
Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել
նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:
Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել(տես`http://givemeinfo.am/hy/case/1222/ ):
Նշենք, որ նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքաց այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաև ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում (https://www.e-gov.am/transparent/page=1;yr=2012;min=14/): Ուստի անհասկանալի է, եթե կարելի է հրապարակել մի քանիսը, ապա ինչու չի կարելի հարցման դեպքում տրամադրել դրանք կամ մյուսները:
Թեև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի 2-րդ եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 65 հարցում (այդ թվում` կրկնակի հարցումներ), սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն էլ արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առաջին կամ կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան:
Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում: Ուստի 2013թ.-ի հուլիսի 1-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Սև ցուցակը կազմելու է խստացված չափորոշիչներով` http://foi.am/hy/news/item/1270/:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































