Հուլիսի վերջին դերասան Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր նոր` «Ամեն երկուշաբթի» խորագրով ներկայացումը: Ինչո՞ւ «Ամեն երկուշաբթի»` դերասանն այպես է բացատրում. «Սա ինձ համար շատ փնտրված և գտնված վերնագիր է, ես միշտ փորձել եմ խոհափիլիսոփայական վերնագրեր գտնել: Այնպես էր ստացվում, որ մեզ երկուշաբթի օրերն էին դահլիճ տրամադրում, ես չէի սիրում այդ օրերը, հետո հասկացա, որ երկուշաբթին նոր բան սկսելու առաջին օրն է, կանայք դիետա են պահում երկուշաբթի, երկուշաբթի տղամարդիկ որոշում են թողնել ծխելը…»:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ շատ երկար է մտածել, թե ինչ կարելի է խաղալ, վերջին մեկ ամսում կային մտքեր, բայց չէր գրում, որովհետև ինքը` որպես հանդիսատես չէր ուզում դա տեսնել. «Ամռան սկզբին ես հասկացա, թե ինչ եմ ուզում տեսնել և գրեցի «Ամեն երկուշաբթին»: Սա շատ երիտասարդական ներկայացում է, կենդանի երաժշտությամբ, շատ բեմական, այնպես եմ արել, որ կարող եմ նոր բան ներդնել ներկայացման մեջ, կարևորը, որ հանդիսատեսի հետ կայանա մտերմիկ, ինտիմ կապ: Ուրեմն ամեն երկուշաբթի ես սպասելու եմ իմ հանդիսատեսին»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ անհնար է ներկայացման մեջ չանդրադառնալ այսօրվա մեր հոգսերին, ըստ նրա` դա կլիներ փախուստ ինքն իրենից. «Թևերս քշտած` եկել եմ խաղալու ամբողջ թափով, ինչքան ուժս կների: Իմ ներկայացումները կյանքից հեռու չեն: Ես մի տեսակ խոսնակ ոնց որ լինեմ, մարդիկ սիրում են տեսնել ուրախ, առողջ մարդկանց, ժմանակները փոխվել են, պարտադիր չէ, որ դահլիճները լիքը լինեն, կարևորը որակն է: Արտագաղթի հետ կապված` մենք պետք է սովորենք կիսալիքը դահլիճներում ելույթներին»:
Դերասանը վերջում հավելեց, որ ինքն իրեն համարում է ամենաբախտավոր և երջանիկ արտիստներից մեկը աշխարհում, քանի որ ունի բոլոր տարիքի և սոցիալական պատկանելության հանդիսատես. «Գալիս են քաղաքական գործիչներ, գալիս են մշակութային գործիչներ: Շատ դժվար է թատրոնի մարդուն ներկայացման բերելը, նրանք անընդհատ դրա մեջ են, բայց ես ուրախ եմ, որ իմ ներկայացումներն իրենց հետաքրքրում են: Ես երջանիկ եմ, որ ունեմ հանդիսատես, և ինձ սպասում են»:
Հիշեցենք, որ ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 29-ին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































