Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է երկրի հարավ-արևելքում այսօր առավոտյան իրականացված ահաբեկչությանը:
Յըլդըրըմը Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրականացված պայթյունի պատասխանատվությունը դրել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) վրա:
«PKK-ի ակտիվությունը չի թուլացնի նրա դեմ Թուրքիայի պայքարը: PKK-ի դեմ պայքարը կշարունակվի: Թուրքիայի Հանրապետությունը գերի չի դառնա ահաբեկչական որևէ խմբավորման ձեռքում:
Մենք շարունակում ենք երկրի ապագայի, բարօրության ու նպատակների ուղին՝ կապված 2023 թվականի հետ (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ)»,- նշել է Թուրքիայի վարչապետը:










































