Ուկրաինայի ոստիկանությունը Լուցկում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ կապված դեպքի կապակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական գործ է հարուցել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը:
Կոմորովսկին կիրակի օրն ուկրաինական Լուցկում մասնակցել է Վոլինյան ողբերգության 70 ամյակին նվիրված արարողությանը:
Դեպքը տեղի է ունեցել եկեղեցում, որտեղ համատեղ աղոթել են Վոլինյան ողբերգության զոհերի հիշատակին: Երբ Լեհաստանի նախագահը մոտեցել է հավատացյալների հետ շփվելու, ամբոխի միջից մի երիտասարդ նրա ուսին հում ձու է նետել: Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին: Բուժզննումից հետո պարզվել է, որ նրա արյան մեջ ալկոհոլ չի պարունակվում:
ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ երիտասարդը Զապորոժիեի 21-ամյա բնակիչ է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 296 հոդվածի առաջին մասի (խուլիգանություն) դրույթներով։ Հոդվածը տուգանք կամ 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսում:
Վոլինում լեհ ազգաբնակչության վրա զանգվածային հարձակումները սկսվել են 1943 թ. հուլիսին: Սպանություններն իրականացվում էին ուկրաինացի ազգայնականների կազմակերպության անդամների միջոցով: Հարձակումների զոհ են դարձել տասնյակ հազարավոր լեհեր: Պատասխան հարձակումների արդյունքում էլ հազարավոր ուկրաինացիներ են զոհվել:
Լեհական սեյմն այս ողբերգությունը «ցեղասպանության հատկանիշներով էթնիկ բնաջնջում» է անվանել: Ուկրաինական ազգայնական «Ազատություն» կուսակցությունը դատապարտել է այդ հայտարարությունը, ինչպես նաև դեմ է հանդես եկել Կոմորովսկու այցին, սական նրա այցելության հետ կապված՝ ցանկացած ակցիաներից հրաժարվել է: «Ազատությունը» հերքել է նաև այս դեպքին իր մասնակցությունը:






































