Երևանի բնակիչներ 48-ամյա Ռուբենը և 45-ամյա Համլետը մինչև «Փեթակ» հյուրանոցային համալիրում աշխատելը երևի մտածել են, որ եթե «փեթակ ա»` մեջը մեղու պետք է պահվի, եթե մեղուներ են, ուրեմն` ջանասեր պետք է լինեն և լավ եկամուտ բերեն: Եվ ի վերջո, եթե մեղուներ են, նրանք «մայր-մեղու» պետք է ունենան: Համլետն ու Ռուբոն մի քիչ մտածել են ու երևի համոզվել, որ մի «մայր-մեղվի» փոխարեն երկու «հայր-մեղուն» ավելի լավ կաշխատացնեն մեղուներին և անցել են գործի: Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Ռուբեն Մոսինյանն ու Համլետ Ստեփանյանը գործի են անցել Արշակունյաց փողոցի վրա գտնվող «Փեթակ» հյուրանոցային համալիրում և անվտանգության այնպիսի պայմաններ են ստեղծել, որ «Փեթակից» դուրս աշխատող ժրաջան մարմնավաճառները գան և հանգիստ խղճով կենտրոնանան միայն իրենց պոռնկական գործունեության վրա: Դե մարմնավաճառներն էլ եկել են «հարազատ օջախ» և «հայր-մեղուների» աչքի տակ հանգիստ աշխատել: Թե որքան են աշխատել` մեղադրականից չի երևում: Փոխարենը երևում է, որ անվտանգությունն այնքան էլ լավ ապահովված չի եղել, այդ պատճառով էլ բացահայտվել է, որ «փեթակի մեղուները» ոչ թե մեղր են պատրաստում, այլ պոռնկություն են անում…
Ընդհանրապես մեղվապահությունն էլ իր նրբություններն ու չգրված օրենքներն ունի. ասում են, երբ մեղվապահներից մեկին չի բավարարում իր փեթակների մեղուների տված մեղրի ծավալը կամ մրցակից մեղվապահին նյութապես վնասելու ցանկություն է առաջանում, իրավիճակը կարող է բարդանալ: Օրինակ, մի մեղվապահը կարող է մի քանի կաթիլ օղիով «հարբեցնել և գազազեցնել» իր մեղուներին և «ուղարկել» հակառակորդի ճամբար: Խմած մեղուները հարձակվում են հակառակ թիմի մեղուների վրա` կոտորած անում, մեղրն էլ վերցնում-գալիս…
Բայց սույն քրեական գործով, խմած մեղուների փոխարեն սթափ ոստիկաններն են գնացել «Փեթակ»` այցի, բայց «մարմնավաճառ-մեղուներին» չեն սպանել և մեղրի փոխարեն նրանց ու «հայր-մեղուներին» են բերել բաժին, որ էլ «մեղր» «չարտադրեն»: Վերջիններիս մեղադրանք են առաջադրել, իսկ նրանց համար և տարածքում աշխատող պոռնիկներին նույնիսկ որպես տուժող չեն ներգրավել: Նրանք էլ երևի ձայն չեն հանել` մտածելով, որ իրենց էլ ինչ կտան` կտան…Ու այստեղ անհայտ է մնում` ով է ում տված «մեղրից» դժգոհ մնացել…
Հ.Գ. Եթե Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը հաստատի մեղադրանքը, «մեղր-թորողների» համար պայմաններ ստեղծող Ռուբոն ու Համլետը կդատապարտվեն 3 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:







































