Minval.az-ի փոխանցմամբ՝ Բաքուն արմատական ահաբեկչական կազմակերպություններին հնարավորություն չի տա իրականացնել իրենց ծրագրերը, որոնք ուղղված են Ադրբեջանում պետականության քայքայմանն ու հասարակական խառնաշփոթի առաջացմանը: Այս մասին «Մամուլի դերը կրոնական ահաբեկչության դեմ պայքարում» թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական բաժնի աշխատակից Բահրուզ Հասանովը:
«Ադրբեջանի իշխանությունները կրոնական արմատական խմբավորումներին՝ լինեն դրանք վահաբականներ, շիական արմատական կազմակերպություններ կամ գյուլենականներ, թույլ չեն տա երկրում իրականացնել հակապետական գործունեություն:
Ադրբեջանի իրավապահ մարմինները լուրջ վերահսկողության տակ են պահում իրավիճակը՝ կապված արմատական խմբավորումների հնարավոր գործունեության հետ:
Իրավապահ մարմինները լուրջ հարված են հասցրել արմատական խմբավորումների գործունեությանը: Այդօրինակ հարցերում հասարակությանը ճիշտ իրազեկելու համար մեծ պատասխանատվություն է դրված մամուլի ուսերին»,- հայտարարել է Հասանովը:











































