Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Հարավամերիկյան շուկայի գագաթնաժողովի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին նրա համար, որ նա փրկեց իր կյանքը վերջերս Վիեննայում բոլիվիացի նախագահի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ավստրիայի նախագահին կյանքս փրկելու համար»,- ասել է Մորալեսը, ում խոսքերը փոխանցում է RIA Novosti-ն:
Չնայած Մորալեսը հայտարարել էր, որ չարացած չէ միջադեպի պատճառով, սակայն նշել է, որ նման միջադեպերը ստիպում են ժողովրդին միավորվել և զգոն լինել:
Հիշեցնենք, որ Մոսկվայից թռիչք իրականացրած Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը ստիպված էր եղել վայրէջք կատարել Վիեննայում այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան անակնկալ կերպով հետ էին կանչել իրենց տարածքով ինքնաթիռի անցնելու թույլտվությունը: Եվրոպական երկրների նման արարքը բողոքի երթ էր առաջացրել Բոլիվիայում, որի ընթացքում ցուցարարներն այրել էին ԱՄՆ-ի և Եվրոպայի պետությունների դրոշները:








































