Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ Թուրքիա է մեկնելու «հետախուզական առաքելության» այցով, որի նպատակը պարզելն է, թե Անկարան ինչպես է պլանավորում զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի արտգործնախարարն Անկարա կմեկնի օգոստոսի վերջին, ուր հանդիպումներ կունենա իր թուրք և ռումինացի գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի ու Լազեր Կոմենեսկուի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Վաշչիկովսկին հայտարարել է, որ դա լինելու է եռակողմ հանդիպում. «Մի քանի ամիս առաջ ես Վարշավայում սկսեցի եռակողմ հանդիպումների ցիկլը: Մենք դրանք անվանեցինք արևելյան թևի, արևելյան եռյակի՝ Լեհաստան-Ռումինիա-Թուրքիա հանդիպումներ:
Հաջորդ հանդիպումը մենք պլանավորել ենք Բուխարեստում, սակայն հաշվի առնելով Անկարայի ու Ստամբուլի հայտնի դեպքերը՝ որոշեցինք փոխել հանդիպման վայրը և այն անցկացնել Անկարայում»:







































