ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի միջազգային օդանավակայանի բոլոր չորս թռիչքուղիները վթարի ենթարկված Boeing 777 ինքնաթիռի կմախքը հետացնելուց հետո վերականգնել են աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով օդանավակայանի հաղորդագրությունը:
Վերջին օրերին այրված ինքնաթիռի կմախքը հետաքննության նպատակով գտնվում էր թռիչքուղու հարևանությամբ: Այժմ այն տեղափոխել են ժամանակավոր պահեստարան:
ԱՄՆ-ի ավիացիայի դաշնային գործակալությունը օդանավակայանի նավիգացիոն համակարգը ստուգելու նպատակով մի քանի թեստային թռիչքներ է իրականացրել վերաբացված թռիչքուղու վրա: Նավիգացիոն համակարգի պլանային անջատումը համարվում է վթարի պատճառներից մեկը:
Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռը հուլիսի 6-ին վթարի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, ավելի քան 180-ը վիրավորվել են:
Հարավկորեական Boeing 777-ի օդաչուները պնդում են, որ ինքնաթիռը ինչ-որ պատճառներով չի կարողացել զարգացնել անհրաժեշտ արագությունը:









































