ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտողար Դմիտրի Պեսկովը:
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ու ԱՄՆ նախագահների հեռախոսազարույց: Պուտինն ու Օբաման կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության հարցերի և անվտանգության հետ կապված թեմատիկայի վերաբերյալ: Բացի այդ, նրանք քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը»,- Interfax-ին հայտնել է Պեսկովը:
Ուրբաթ Սնոուդենը, ով գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, հանդիպել է ռուս իրավապաշտպանների հետ և խնդրել նրանց աջակցությունը Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի տրամադրման խնդրագրի ուղարկման հարցում, քանի դեռ լատինամերիկյան երկրներից չի ստացել մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:










































