Վրաստանի խորհրդարանն ուրբաթ երեկոյան օրենսդրական երկու նախաձեռնություններով՝ հեռարձակման և էներգետիկայի հարցերով հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հետ կապված, հաղթահարել է նախագահական վետոն:
Նախագահի դիտողությունները վերաբերում էին Վրաստանի հանրային հեռուստատեսության հոգաբարձուների խորհրդի անդամներին պաշտոնից հեռացնելուն, ինչպես նաև հեռարձակողների ֆինանսական թափանցիկությանը:
Հեռարձակման օրինագծի և երկու այլ օրինագծերի հետ կապված՝ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ չի ընդունել նախագահի դիտողությունները:
Գործող կանոնների համաձայն՝ եթե նախագահը կրկին չստորագրի օրինագիծը, որով խորհրդարանը հաղթահարել է նախագահական վետոն, ապա օրինագիծն օրինական ուժ կստանա այն բանից հետո, երբ այն ստորագրի խորհրդարանի նախագահը:
Երկրորդ օրինագիծը վերաբերում է նախագահի փոխարեն վարչապետի կողմից՝ էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովի նախագահի և անդամների նշանակմանը:
Նախագահի դիտողությունները վերաբերում էին այս օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետներին. Նախագահն առաջարկել է այն ավելի ուշ ժամկետներում ուժի մեջ մտցնել, որը կապված է 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, սակայն խորհրդարանը կրկին չի ընդունել այդ դիտողությունները։ Դա նշանակում է, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո, և նախագահի փոխարեն էներգետիկայի և ջրամատակարարման հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին արդեն վարչապետը կնշանակի:
Հանձնաժողովի գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ընթացիկ տարվա օգոստոսին:











































