News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կին Սանդրա Ռուլովսը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Զուգդիդիի օկրուգում (Սամեգրելոյի շրջան):
Զուգդիդիում ունեցած ելույթում Ռուլովսը հայտարարել է. «Արդեն մոտ չորս տարի է, ինչ ես առաջին տիկին չեմ և Վրաստանին հետևում եմ կողքից:
Այդ ամբողջ ընթացքում նոր կառավարությունը կարող էր աշխատել լավ, Միշան (Սաակաշվիլին) երկրում չէր, ո՞վ է խանգարել նրանց: Եթե նրանք չեն ցանկացել իրագործել լավ նախագծեր, ապա կարող էին ինչ-որ բան անել իրենց ցանկությամբ:
Ես չեմ տեսնում, որ նրանք ձեռնարկել են որևէ նոր բան: Ես ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, որոնք իրենց կզոհաբերեն հանուն երկրի»:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին:










































