«Որևէ միջոցառման մասնակցելուց առաջ ես՝ որպես կուսակցապետ, ԱԻՄ առաջնորդ, պիտի քննեմ իմ ընկերների հետ։ Այսօր ունենք հատուկ նիստ, որի ժամանակ կկայացվի որոշում՝ մենք կմասնակցե՞նք վաղվա հանրահավաքին, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, թե՞ ոչ, ինչպես նաև մաս կազմելո՞ւ է նոր ձևավորվելիք խորհրդին։
Հայրիկյանի խոսքով՝ ոմանց «ստիմուլ» էր պետք՝ հասկանալու, որ պետք է պայքարել ապագաղութացման դեմ, որի մասին իրենք երկար տարիներ բարձրացրել են։
«Իմ նախորդները դեռևս 50 տարի առաջ են բարձրացրել այդ հարցը։ 49 տարի առաջ էլ ես եմ որդեգրել պայքարի այդ ուղղությունը, դարձել եմ ԱՄԿ-ի անդամ, որի կանոնադրության առաջին կետը այն էր, որ պետք է պայքարել Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության դեմ։ Հիմա ես շատ ուրախ եմ, որ մեր հասարակությունը նման գիտակցության է եկել, նման զարթոնք է ապրում»,- հավելեց Հայրիկյանը։
Նրա խոսքով, սակայն, ԱԻՄ-ականները հիմա ասում են, որ իրենք այս խթանիչների կարիքը չունեն, իրենք այդ փուլը հաղթահարել են, և այսօր սպասել, որ ինչ-որ ազդակ կլինի՝ նորից պայքար սկսելու համար, ապա դա բոլորի համար է, ոչ գիտակից մարդկանց, ովքեր մինչև այսօր էլ գիտեին, որ Հայաստանը պետք է անկախ լինի։
«Այդ իմաստով մենք հիմա մի քիչ ոչ բնական վիճակում ենք։ Շատ լավ է, մենք ողջունում ենք անկախության համար պայքարը, քանի որ մարդիկ հասկացել են, որ պայքարը ռեժիմի դեմ չպետք է լինի, պայքարը հանուն անկախության պետք է լինի»,- նկատեց ԱԻՄ առաջնորդը։
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա Հայրիկյանի խոսքով՝ դա իրենց կանոնադրության կետն է՝ համագործակցել այն ուժերի հետ, ովքեր պայքարում են հանուն անկախության։ «Հիմա ասպարեզում ովքեր կլինեն, ինչ կանեն՝ կտեսնենք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































