Ձեռնարկատեր և բարերար, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան է նշանակվել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով: Այս մասին հայտնել են ԱՀԿ-ի ժնևյան կենտրոնակայանից՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ընդգծվում է, որ այդ կարգավիճակում Բլումբերգն «ազգային և տեղական քաղաքական ղեկավարների հետ աշխատելու է ամբողջ աշխարհում»՝ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ու վնասվածքների հետ կապված խնդիրների վրա: Խոսքը վերաբերում է սրտի հիվանդություններին, ինսուլտին, քաղցկեղին, շաքարախտին և քրոնիկական շնչառական հիվանդություններին, որոնք վիրավորումների ու վնասվածքների հետ միասին տարեկան 43 մլն մարդու կյանք են խլում:
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 16 մլն մարդիկ այդ հիվանդություններից ու վնասվածքներից մահանում են մինչև 70 տարեկան հասակում: Եվս 1,25 մլն մահ բաժին է ընկնում ավտովթարներին: «Վաղաժամ մահը և ոչ ինֆեկցիոն հիվանդություններից հաշմանդամությունը կարող են զգալի չափով կանխվել ժամանակին ընդունված, ստուգված, արդյունավետ միջոցների շնորհիվ»,- արձանագրել են ԱՀԿ-ում։











































