Ամերիկյան երկու ռազմանավեր ուղևորվել են եգիպտական ափ: Այս մասին հայտնել է Ծովահետևակային կորպուսի հրամանատար, գեներալ Ջեյմս Ամոսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա փոխանցմամբ՝ Կարմիր ծովի շրջան են ուղարկվել «Սան Անտոնիո» և «Կիրսարջ» դեսանտային նավերը: «Քարթեր Հոլ» նավի միջոցով, որը դեռ մնում է Բահրեյնի ափի մոտ, նրանք մայիսից իրականացնում են մարտական վերահսկողություն Կարմիր ծովի, Սոմալիի և Պարսից ծոցի շրջանում:
«Եգիպտոսը խրվել է ճգնաժամի մեջ: Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք՝ իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է Ամոսը: Նա չի հստակեցրել, թե ինչ տարբերակներ է դիտարկում ԱՄՆ-ը:
Ինչպես նշել են Ծովահետևակային կորպուսի ներկայացուցիչները, նավերի տեղաշարժը դեպի ափ անհրաժեշտության դեպքում կհեշտացնի ուղղաթիռների և այլ տեխնիկայի կիրառումը:











































