Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի վարչական կենտրոն Մեդան քաղաքի գերծանրաբեռնված բանտից փախուստի է դիմել ավելի քան 200 բանտարկյալ: Այս մասին հաղորդում է Jakarta Post էլեկտրոնային թերթը:
«Մենք անում ենք հնարավորը՝ ձերբակալելու համար փախուստի դիմածներին»,- ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռոնի Ֆ. Սոմփին:
Նրա խոսքերով՝ որոնումներին մասնակցում են անվտանգության լրացուցիչ ուժեր: Արդեն հաջողվել է ձերբակալել 10 մարդու: Իրավապահ մարմիններին հատկապես անհանգստացնում է այն, որ նրանցից 12-ը կասկածվում է ահաբեկչության մեջ:
Փախուստը հաջողվել էր իրականացնել այն բանից հետո, երբ բանտում հրդեհից հետո անջատվել էր լույսը: Նշենք, որ բանտում է գտնվել 2000 մարդ՝ այն դեպքում, երբ բանտը նախատեսված է 400 բանտարկյալի համար:










































