Մոսկվան չի ցանկանում ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծում, բայց ունի երկու նպատակ այս հարցի շրջանակներում՝ դուրս մղել Արևմուտքին բանակցային գործընթացից և մերձենալ Բաքվի հետ: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պետդեպի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլը: Ընդ որում, Գոբլը համոզված է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումը անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանի շահերի հաշվին անել, բայց չի անցնի այն սահմանագիծը, որից այն կողմ Հայաստանը կարող է իր հայացքը թեքել դեպի Արևմուտք:
– Պարոն Գոբլ, ո՞րն է Ձեր ընդհանուր վերլուծությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զարգացող իրադարությունների մասին: Ի՞նչ է տեղի ունենում բանակցային գործընթացում այսօր՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո, հիմնախնդրի լուծման ի՞նչ նախագիծ է դրված բանակցությունների սեղանին Ձեր կարծիքով:
– Ինձ թվում է՝ միակ փոփոխությունն այն է, որ կողմերն այսօր ավելի շատ խոսում են հայկական ուժերի կողմից վերահսկվող, Ղարաբաղից դուրս գտնվող տարածքների, քան թե հայկական ուժերի կողմից վերահսկվող բոլոր տարծքների մասին: Մի կողմից դա հնարավոր է դարձնում առաջընթացը դեպի համաձայնություն Երևանի և Բաքվի միջև, բայց մյուս կողմից՝ դա կարող է ավելի բարդացնել ղարաբաղյան խնդրի լուծումը ապագայում՝ ցույց տալով, որ այն արմատապես տարբերվում է մյուս տարածքներից:
– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ճնշում գործադրո՞ւմ է կողմերի վրա՝ խնդրի վերջնական լուծմանը կամ լուծման գործընթացում առաջընթացի հասնելու համար, այնպիսի առաջընթացի, որը կհամապատասխանի Ռուսաստանի շահերին:
– Ես չեմ կարծում, թե Մոսկվան ցանկանում է խնդրի վերջնական լուծում, բայց կա երկու բան, որ Մոսկվան ցանկանում է՝ դուրս մղել Արևմուտքին գործընթացից այնքան, որքան հնարավոր է, և մերձենալ Բաքվի հետ: Եթե Մոսվկան մտածի, որ կարող է իր կողմը քաշել Բաքվին՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցով, նա կանի դա, բայց չի անցնի այն սահմանագիծը, որից այն կողմ Հայաստանն իր հայացքը կթեքի դեպի Արևմուտք:
– Հայաստանում շատ փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանը այսպես կոչված «Լավրովի ծրագրի» շրջանակներում ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի հայկական կողմը որոշ տարածքներ հանձնի Ադրբեջանին՝ Եվրասիական միությանը ինտեգրվելու Բաքվի համաձայնության դիմաց, որից հետո Ռուսաստանը հնարավորություն կստանա հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր՝ իր խաղաղապահ ուժերը տեղակայելով Լեռնային Ղարաբաղում՝ հայկական և ադրբեջանական ուժերի միջև: Այդպիսով, Ռուսաստանը լիակատար վերահսկողություն կսահմանի հակամարտության գոտում՝ մեծացնելով նաև իր ազդեցությունը տարածաշրջանում: Ի դեպ, մի շարք ռուսաստանցի փորձագետներ, ինչպես օրինակ Ալեքսանդր Դուգինը կամ Անդրանիկ Միհրանյանը, որոնք Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից են, բացահայտորեն խոսում են այս սցենարի իրականացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին:
– Դուգինն ու Միհրանյանը հաճախ ասում են այն, ինչ մյուսներն անում են, բայց չեն ասում: Ենթադրում եմ, որ այս երկուսի խոսքերն արտացոլում են իրական քննարկումները Կրեմլում կամ գոնե այդ քննարկումների մասնակիցների անձնական դիրքորոշումները:
– Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի, Ձեր կարծիքով, Միացյալ Նահանգները այս իրավիճակում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Կարծում եք ԱՄՆ-ն աջակցո՞ւմ է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի կարգավորմանը, թե՞ Միացյալ Նահանգներն այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի անջատ կամ ինքնուրույն գործողություններից:
– Միացյալ Նահանգները կուզենար պահել քննարկումները Մինսկի խմբի շրջանակներում, բայց Մոսկվան ակնհայտորեն ցանկանում է լինել միակ խաղացողը և կանտեսի Արևմուտքին, եթե դա ձեռնտու լինի Ռուսաստանի շահերին: Չեմ կարծում, թե Վաշինգտոնը հիացած է կամ ոգևորված է Ռուսաստանի նախաձեռնություններով, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումներն ամբողջությամբ համաձայնեցվում են:
– Ինչպե՞ս կզարգանա ռազմական իրավիճակը շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին մոտակա ամիսներին՝ հաշվի առնելով բոլոր այս զարգացումները դիվանագիտական դաշտում:
– Դժբախտաբար, չի կարելի բացառել բռնությունը այն դեպքում, եթե կողմերից մեկը կարծի, որ կորցնում է բանակցություններում կամ բռնությունը համարի այլընտրանք բանակցություններին՝ կարծելով, որ այդ դեպքում կստանա ավելին, քան հիմա իրեն առաջարկում են:








































