ԼՂՀ ԱԺ-ն ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Արցախում խորհրդարանական համակարգին անցնելու տրամադրություններ չկան, իշխանություններն առաջարկում են անցնել սուպերնախագահական կառավարման տարրերով փոփոխությունների: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
«Կարծես թե նախ՝ անհրաժեշտություն էր առաջացել նոր սահմանադրության, որպեսզի հնարավոր լինի լեգիտիմացնել ներկա նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման շարունակությունը, և երկրորդ՝ խիստ կտրուկ կերպով ավելանում են նախագահի լիազորությունները և դառնում է չափազանց կենտրոնացած իշխանություն, կրճատվում են խորհրդարանի լիազորությունները: Ինձ համար զարմանալի էր, որովհետև մենք կարծում էինք, որ ԼՂՀ-ի իշխանությունները պետք է գնային ՀՀ-ի ուղով, սակայն այս նոր սահմանադրության ընդունման դեպքում կլինի էապես տարբեր օրենսդրական բազա երկու երկրներում»,- նշեց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ անձի համար սահմանադրական փոփոխություններ կատարելը հետխորհդային երկրների համար ընդունված է: Իշխանությունը լուծում է իր խնդիրները՝ քիչ մտածելով պետության և հասարակության մասին:
«Սահմանադրության այս նախագծում շատ է խոսվում նախագահի քաղաքական պատասխանատվության մասին: Ինչքան էլ խոսենք Արցախում քաղաքական ուժերի հարաբերակցության մասին, ինչքան էլ խոսենք սահմանադրական հոդվածների կամ Ընտրական օրենսգրիքի մասին, այնուամենայնիվ ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիների ընթացքում Ղարաբի նախագահը ուղղակիորեն նշանակվում է Հայաստանից»,- ընդգծեց Ա. Ենոքյանը:
Նրա խոսքով՝ մեզանում չկա ժողովրդավարական ինստիտուտներ կայացնելու միտում. «Ժողորդավարություն ասվածը, ցավոք, մեր իշխանությունների համար մեծ արժեք չունի»:
Ըստ ամենայնի՝ նոր Սահմանադրությունը ԼՂՀ բնակչության քվեարկությանը կդրվի տարեվերջին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































