Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իրականացրել է Վատիկանի արդարադատության բարեփոխում, որի համաձայն չեղյալ է հայտարարվում ցմահ ազատազրկումը և դրա հետ մեկտեղ առավելագույն պատժամիջոց է սահմանվում 30-35 տարվա ազատազրկումը։ Ինչպես նաև՝ ոլորտում ներդրվում են «կտտանք» և «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունները, հաղորդում է RIA Novosti-ն:
Պապի առաջարկած փոփոխություններն ուղղված են անչափահասների պաշտպանության ուժեղացմանը:
Պապական հանձնաժողովն իր հերթին հաստատել է երեք տարբեր օրենքներ, որոնք վերաբերում են քրեական իրավունքին և իրավաբանական անձանց համար վարչական տուգանքներին:
Հաստատված օրենքները Վատիկանի իրավական համակարգը բարեփոխելու հերթական քայլն են, որը սկսել է Բենեդիկտոս 16-րդը 2010 թ.: Այն մասնավորապես ուղղված է եղել փողերի լվացման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Այս կապակցությամբ վատիկանյան օրենքներն ընդունվում են ռազմական հանցագործություններին, ռասիզմին, կտտանքներին, անչափահասների իրավունքներին և կոռուպցիային վերաբերող միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
Ինչպես նշում է Corriere della Sera պարբերականը, Պապի իրականացրած բարեփոխումը պատմական նշանակություն ունի, քանի որ Վատիկանի քրեական արդարադատությունը չի փոխվել 1929 թ. ի վեր:











































