Associated Press-ը հրապարակել է էքսկլյուզիվ նյութ, այսպես կոչված, «ԿՀՎ-ի գաղտնի բանտերում» ապրող բանտարկյալների ապրելակերպի մասին, որը գործել է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում կատարելով ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, Նյու Յորքում ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մուհամմեդը Ռումինիայում գտնվող գաղտնի բանտում նախագծել է փոշեկուլի սեփական մոդելը, կարդացել է Հարրի Փոթերի մասին գրքերը ու թատերականացված դասախոսություններ է կարդացել հսկիչերի համար:
Ընդ որում՝ նշվում է, որ ԿՀՎ-ի բանտերում կիրառվել են բանտարկյալներին հարցաքննելու կոշտ մեթոդներ, որոնք գրեթե հավասարազոր են եղել բացահայտ կտտանքներին:
Այսպես՝ Խալիդ Շեյխ Մուհամմեդին չեն թույլատրել քնել 180 ժամ ու 183 անգամ ենթարկել են «ջրահեղձման սիմուլյացիա» կտտանքին:
Միաժամանակ, AP-ի աղբյուրները պատմել են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն ցանկացել, որ բանտարկյալները խելագարվեն բանտային նման պայմանների պատճառով ու ստիպված էին նրանց համար նոր զվարճանքներ հորինել:
Ռումինիայի բանտում եղած գրադարանից էլ Խալիդ Շեյխ Մուհամմեդին թույլատրել են գրքեր վերցնել: Ներկայում Մուհամմեդը գտնվում է Գուանտանամոյի բանտում:
Մուհամմեդը հայտնի է որպես մի շարք ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչ: Նա ձերբակալվել է 2003թ. փետրվարի 27-ին:








































