Ճապոնիայի բանկը բարձրացրել է ազգային տնտեսության գնահատականը՝ հայտարարելով, որ այն սկսում է վերականգնվել չափավոր տեմպերով: Սա առաջին անգամ է, երբ երկրի Կենտրոնական բանկն օգտագործել է «վերականգնում» բառը՝ 2011-ի հունվարից հետո տնտեսական պայմանները նկարագրելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ կշարունակի մոնետար թուլացման քաղաքականությունը և տարեկան մոտ 65 տրիլիոն իենի (650 միլիարդ դոլար) պետպարտատոմսերի ու այլ արժեթղթերի գնումների իրականացումը:
Ճապոնական ԿԲ-ի քաղաքականությունը, որը մշակվել է վարչապետ Սինձո Աբեի կողմից, ուղղված է Ճապոնիայում սղաճի մակարդակը մինչև 2 տոկոսի հասցնելուն: Այդպիսով ԿԲ-ն մտադիր է աշխուժացնել գործարար կապերը, ընդլայնել մասնավոր ներդրումները և բնակչության եկամուտները:










































