Չիլիի հայտնի պոետ, Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի աճյունի նմուշներն ուսումնասիրության նպատակով կուղարկվեն Իսպանիա: Ենթադրվում է, որ նա կարող է սպանված լինել բռնապետ Ավգուստո Պինոչետի գործակալների կողմից: Այս մասին հայտարարել է դատավոր Մարիո Կարոսան, ով պատասխանատու է պոետի մահվան հանգամանքների հետաքննման համար՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ նմուշները կվերցվեն ոսկրային հյուսվածքներից, որոնք կուղարկվեն Մուրսիա համալսարան՝ թունաքիմիական փորձաքննության: Նա նշել է, որ հետազոտությունը կանցկացվի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետների հետ:
Համաձայն պաշտոնական վարկածի՝ Ներուդան մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Սանտյագոյի կլինիկաներից մեկում, քաղցկեղից: Դա տեղի է ունեցել 12 օր անց զինվորական հեղաշրջումից հետո, որի արդյունքում իշխանությունից հեռացվել է իր ընկերը՝ օրինական ճանապարհով ընտրված սոցիալիստ Սալվադոր Ալիենդեն:








































