Գրոհայինների կողմից պաշարված Հալեպ քաղաքի Բուստան Ալ-Կասր թաղամասի բնակիչները զանգվածային ցույց են անցկացրել՝ պահանջելով բացել ճանապարհները քաղաքի արևմտյան հատվածում սննդի մատակարարումը վերականգնելու համար: Քաղաքի այդ հատվածը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ինչպես հայտնում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, ծայրահեղականները կրակ են բացել խաղաղ ցույցի մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ սիրիացի, մի քանիսը վիրավորվել են:
Սա առաջին բողոքի ակցիան չէ նմանատիպ պահանջով:
Հալեպի մարդասիրական աղետը Ստամբուլում գտնվող Ազգային կոալիցիային ստիպել է հանդես գալ հայտարարությամբ: Ազգային կոալիցիայի ղեկավարությունը բոլոր զինված խմբավորումներին կոչ է արել անհապաղ դադարեցնել Հալեպի անմարդկային արգելափակումը սուրբ ամիս Ռամադանի ժամանակ: Կառույցը ապստամբներին նախազգուշացրել է մարտական գործողությունները քաղաքի արևմտյան թաղամասեր տեղափոխելու անթույլատրելիության մասին, քանի որ այդ թաղամասերում են կուտակվել քաղաքի բնակիչների մեծ մասը:









































