Թուրքիայի խորհրդարանը Ճարտարապետների և ինժեներների պալատին և մյուս մասնագիտացված միություններին զրկել է շինարարական նախագծեր հաստատելու իրավունքից, հաղորդում է The Hurriet Daily News-ը:
Օրինագծի համաձայն՝ մասնագիտացված միություններն այսուհետ չեն մասնակցի քաղաքային պլանավորմանը: Բոլոր հարցերը կգտնվեն շրջակա միջավայրի պահպանության պրոֆիլային նախարարության հսկողության տակ:
Թուրքիայի խորհրդարանի այս որոշումը կայացվել է հուլիսի 10-ին: Դրան աջակցել են հիմնականում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության ներկայացուցիչները:
Խորհրդարանական ընդդիմությունն այս օրինագիծն անվանել է «վհուկների որս»՝ մատնանշելով, որ այս կերպ վարչապետը ցանկանում է հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ: Նրանց խոսքերով՝ այս փոփոխությունների միակ պատճառն այն է, որ Ճարտարապետների և ինժեներների պալատն աջակցել է Ստամբուլի բնակիչների ցույցերին, որոնք բողոքում էին Գեզի այգում շինարարության և Թաքսիմ հրապարակի վերակառուցման դեմ:









































