«Առաջին լրատվականը» ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության հարցերով օգնական Գայանե Տեր-Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ԵԱՀԿ-ն որքան գումար է հատկացրել Երևանի պետական համալսարանի կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև կնքվեց հուշագիր, որն ուղղված է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման շրջանակներում հակակոռուպցիոն գիտակցության բարձրացմանը: Գայանե Տեր-Ստեփանյանի հավաստմամբ, այն մեկ տարվա կտրվածքով իրականացվող ծրագիր է, մեկնարկել է տարեսկզբից: Իսկ ԵԱՀԿ-ն, որպես ծրագրին աջակցություն, տրամադրել է մոտ 9-10 հազար եվրո: Մեր զրուցակցի հավաստմամբ, ծրագրով նախատեսված է իրականացնել փորձագիտական աշխատանքներ, ներգրավել փորձագետների, հրատարակել ձեռնարկներ: