Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրն այսօր համապատասխան փոփոխություններ կատարեց «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք գործընթաց են սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով:
«Ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք:
Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք:
Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել:
Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ նախ և առաջ պետք է սկսել կոնմսերվացնել ինքնաշատրվանող հորերից: Վարչապետը հայտարարեց նաև, ամեն մի հորի կոնսերվացման համար 4 մլն դրամ է պետք, այսինքն` խոսքը մեծ գումարների մասին է գնում և բնապահպանական հսկողության մեծացման շնորհիվ հավաքագրված միջոցներն ուղղվելու են հենց այդ նպատակին:










































