Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությունը Համաշխարհային առևտրի կազմակերպությանը զգուշացրել է, որ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի ուկրաինական ապրանքների նկատմամբ՝ հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինա»-ն:
Մաքսային միությունում հայտարարել են, որ տուրքի սահմանումը պատասխանն է Ուկրաինայի կողմից ավտոմեքենաների ներմուծման վճարների բարձրացման: Միության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի վնասն ուկրաինական տուրքերից կազմում է 36.1 միլիոն դոլար: Տուրքերը, որոնք կսահմանի Մաքսային միությունը, կփոխհատուցեն այդ գումարը:
Կբարձրացվեն ուկրաինական շաքարավազի, կակաոյի, շոկոլադի, ածուխի մաքսավճարները:
Ռուսաստանի իշխանությունների որոշումը դեռևս պետք է հաստատվի Մաքսային միության գլխավոր գործադիր մարմինի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Ավելի վաղ Կիևի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիան՝ ավտոմեքենաների տուրքերի բարձրացման պատճառով:
Ուկրաինան արտասահմանյան մեքենաների ներմուծման տուրքը բարձրացրել է ապրիլի կեսին:










































