ՄԱԿ-ի անդամ երկրները այլևս չպետք է թույլ տան Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի կրկնություն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բոլիվիայի, Վենեսուելայի, Կուբայի, Էկվադորի և Նիկարագուայի՝ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն հայտնել է, որ դիվանագետներն անհանգստություն են հայտնել հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը ևս իր մտահոգությունն է հայտնել և գոհունակություն արտահայտել, որ «պատահարը չի ազդել նախագահ Մորալեսի և նրա շրջապատի անվտանգության վրա»:
Նա խոսել է ապագայում նմանատիպ միջադեպերը կանխարգելելու կարևորության մասին: «Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ պետության ղեկավարը և նրա ինքնաթիռը պետք է օգտվեն անձեռնմխելիության իրավունքից»,- ասել է Նեսիրկեն:
Պան Գի Մունի անունից նա հույս է հայտնել, որ հետաքրքրված երկրները հարցը կքննարկեն «հարգանքով՝ աջակցելով բարեկամական հարաբերություններին»:










































