Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը կձևավորվի առաջիկա 72 ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով նոր վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին, որին այսօր հանձնարարվել է նոր կառավարություն ձևավորել:
Նրա խոսքերով՝ նախկին կաբինետից 7 նախարար կպահպանեն իրենց պորտֆելները: Նրանք են՝ պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, ՆԳ նախարար Մուհամմադ Իբրահիմը, ԱԳ նախարար Մուհամմադ Կամել Ամրը և զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն: Բացի այդ, կառավարության կազմում կարող են լինել Զիադ Բահա Ալ-Դինը և «Ան-Նուր» կուսակցության առաջնորդ Յունիս Մահյունը: Ալ-Բաբլաուին չի բացառել, որ նոր կառավարության կազմում կներառվեն նաև «Մուսուլման եղբայրներից» ներկայացուցիչներ:
Սպասվում է նաև, որ նախարարական պաշտոնների ընդհանուր քանակը կկրճատվի, իսկ նոր կառավարության համար առաջնային կդառնա, ըստ Բաբլաուի, երկրի տնտեսական անվտանգության խնդիրը:









































