Հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Քսիաոու Ժաոի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում Վահրամ Ավանեսյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և շնորհակալություն հայտնել Քսիաոու Ժաոին բանկի հետ արդյունավետ համագործակցության համար:
Էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և շեշտել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, քանի որ դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և մասնավոր հատվածների համագործակցությանը և համահունչ են երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի բարելավման, կին ձեռներեցների աջակցության ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանը:






































