Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկում է Ամառային խաղեր-2024-ը Փարիզում անցկացնել: Նրա խոսքով՝ առկա ահաբեկչական սպառնալիքի պայմաններում Ֆրանսիան մյուս երկրներից ավելի լավ է պատրաստ անվտանգությունն ապահովել խոշոր սպորտային միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտնում է gamesbids.com-ը:
Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պայքարի ահաբեկչության դեմ: «Մենք արդեն պայքարում ենք: Մինչև 2024 թ., հուսով եմ, կհաղթենք: Վերջին մի քանի ամիսների հարձակումների ընթացքում մենք շատ փորձություններով ենք անցել»,- նշել է նա՝ հավելելով, որ արդյունքում՝ իշխանությունները սովորել են պաշտպանել իրենց և ապահովել անվտանգությունը խոշոր միջոցառումներում: Նա ընդգծել է, որ Ֆրանսիային արդեն հաջողվել է անվտանգություն ապահովել Եվրոպայի առաջնության ընթացքում, երբ պետք էր մեկ ամիս աշխատել միանգամից շատ քաղաքներում:






































