Բրիտանական The Guardian թերթը հրապարակել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը: Պարբերականի թղթակիցը զրուցել է ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսող գործունեությունը գաղտնազերծած Սնոուդենի հետ Հոնկոնգում՝ 2013-ի հունիսի 6-ին:
Զրույցում Սնոուդենը հայտարարել է, որ իրեն կփնտրեն լրտեսական գործունեության դեմ պայքարի մասին օրենքը խախտելու համար: «Ամերիկյան կառավարությունը կասի, որ ես օգնել եմ մեր թշնամիներին»,- նշել է ծրագրավորողը:
Սնոուդենը պատմել է նաև, որ վերջին 10 տարում փոխվել է իր վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ: Նա պատմել է, որ 2002 թվականին ընդգրկվել էր ամերիկյան բանակի շարքերը: «Ես հավատում էի մեր արածի ճշմարտացիությանը: Ես հավատում էի օվկիանոսից այն կողմ ճնշված մարդկանց ազատելու մեր մտադրությունների անկեղծությանը»,- հայտարարել է Սնոուդենը:
Սակայն, ինչպես հայտնել է ծրագրավորողը, ժամանակի ընթացքում ինքը հասկացել է, որ ամերիկյան իշխանությունները շփոթության մեջ են գցում իրենց քաղաքացիներին՝ ստեղծելու որոշակի տեսակետ: «Եվ ես եղել եմ դրա զոհը»,- ընդգծել է Սնոուդենը:
Նա նշել է, որ Ամերիկան լավ երկիր է, կան լավ արժեքներով մարդիկ, սակայն իշխանական կառույցները գործում են սեփական նպատակների համար՝ ողջ հասարակության ազատության գնով ընդլայնելու համար իրենց հնարավորությունները:











































