Ադրբեջանական AzərTAc պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 568.5 միլիոն դոլար, ինչը 52.8 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Պուտինը, վկայակոչելով Ռուսաստանի մաքսային ծառայության տվյալները, հայտարարել է, որ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 30 տոկոսով՝ մինչև 2.8 միլիարդ դոլարի, մինչդեռ 2014 թվականին այն կազմել է 4 միլիարդ դոլար:
Պուտինը կարծիք է հայտնել, որ երկու երկրներն ունակ են շտկել տվյալ իրավիճակը՝ հավելելով, որ ներկա դրությամբ չկա առաջընթաց:
«Այսօր ադրբեջանական շուկայում գործունեություն է իրականացնում Ռուսաստանը ներկայացնող մոտ 600 ընկերություն, որոնցից մոտ 200-ն ունեն 100 տոկոսանոց ռուսական կապիտալ: Ադրբեջանւմ ռուսական ուղղակի ներդրումները կազմում են մոտ 1.4 միլիարդ դոլար»,- ասել է նա:











































