Երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին՝ նրա փոխարեն նշանակելով Կարապետ Դավթյանին: ՊՊԾ գնդի գրավումից և հանգուցալուծումից հետո սա ըստ էության առայժմ ամենաբարձրաստիճան պաշտոնանկությունն է, որ տեղի է ունեցել իշխանությունում՝ իրավապահ համակարգում:
Երեկ իհարկե եղել է նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, սակայն այստեղ խիստ նվազ են հիմքերը՝ խոսելու այն մասին, որ դա կապված կարող է լինել հուլիսի 17-ին կատարվածի հետ: Դատախազությունն այստեղ գործառույթներ չուներ դա կանխարգելելու կամ թույլ չտալու համար:
Եվ այսպես, ԱԱԾ պետի առաջին տեղակալը հրաժեշտ է տալիս պաշտոնին, և սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն առայժմ հուլիսի 17-ին կատարվածի գլխավոր պատասխանատու համարում է հենց այդ կառույցը: Սա իհարկե նաև տրամաբանական է, քանի որ նման մասշտաբի գրոհի նախապատրաստությունը պետք է հայտնի լիներ ԱԱԾ-ին: Այս մասով իհարկե հարկ է նկատել նաև տեղի ունեցածից դեռ մի քանի շաբաթ առաջ ԱԱԾ-ում կատարված ևս մի կադրային փոփոխություն, ոչ պակաս կարևոր՝ գլխավոր հետախուզական վարչության պետի փոփոխությունը:
Մյուս կողմից՝ եթե ԱԱԾ մասով պատասխանատվությունը հստակ է, հարց է առաջ գալիս, թե ինչու չկա պատասխանատվություն ոստիկանության մասով՝ ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության առումով: Եթե պլանների մասին պետք է տեղյակ լիներ ԱԱԾ-ն, ապա գնդի պաշտպանվածության հարցը ոստիկանության իրավասությանն է: Եվ այս մասով հարց է առաջանում, թե արդյոք, տարածքային բաժինների պետերից բացի, տեղի ունեցածի համար պատասխանատվություն կկրի՞ որևէ բարձրաստիճան ոստիկան:
Դե, հուլիսի 17-ից հետո քաղաքացիների հանդեպ ոստիկանական կամայականությունների և ամենաթողության համար պատասխանատուների մասին ավելորդ ենք համարում խոսել, քանի որ օգոստոսի 1-ի ելույթում Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ այս մասով բացարձակապես չկա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն, ցանկություն: Վերադառնալով ԱԱԾ-ին՝ հարկ է հասկանալ՝ առաջին տեղակալի պաշտոնանկությունը ինչի՞ մասին է վկայում: ԱԱԾ-ն իմացել է, սակայն տեղի է ունեցել սաբոտա՞ժ, այդ թվում ԱԱԾ համեմատաբար նոր պետ Գեորգի Կուտոյանի հանդեպ, որին Սերժ Սարգսյանը նշանակել է փետրվարին, և որը համակարգում նոր մարդ է, թե՞ ԱԱԾ-ն ընդհանրապես տեղյակ չի եղել կատարվածից, և կա պարզապես աշխատանքային թերացում, որն էլ բարդվում է առաջին տեղակալի վրա՝ հաշվի առնելով, որ ԱԱԾ պետը համեմատաբար նոր է այդ պաշտոնում:
Իհարկե, կա նաև քավության նոխազի հնարավոր տարբերակը, սակայն ԱԱԾ դեպքում դա երևի թե գործնականում բացառվում է, քանի որ ԱԱԾ-ն իսկապես չափազանց լուրջ օղակ է դրա բարձրաստիճան շերտում զուտ «քավության նոխազներ» նախանշելու և հեռացնելու համար: Համենայն դեպս, ԱԱԾ-ն պետք է որ լինի գոնե այդ կառույցը:










































