Այս տարվա օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի հունվարի մեկը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ստանալու հին նմուշի անձնագիր։ Այս մասին ասաց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ չեն տեղեկությունները, որ կենսաչափական անձնագրերը հանվել են շրջանառությունից։ Կենսաչափական անձնագրերից հին նմուշի անձնագրի անցումը Բիչախչյանը բացատրեց նրանով, որ ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կենսաչափական անձնագրերի մասին օրենքի այն դրույթը, որով սահմանվում է անձնագիր ստանալու պարտադիր պայմանը։ «Պատճառն այն էր, որ կրոնական դավանանքի մի խումբ անձինք հրաժարվում էին ստանալ և´ կենսաչափական անձնագրեր, և´ նույնականացման քարտեր՝ պատճառաբանելով, որ իրենք չեն ցանկանում մատնահետքեր ստանալ, էլեկտրոնային ստորագրություն դնել։ Այլ կերպ ասած՝ չէին ցանկանում չիպի վրա պահվող տվյալներով անձնագիր ստանալ, ինչի պատճառով նրանք զրկված էին իրենց իրավունքների իրացումից»,- պարզաբանեց Բիչախչյանը։
Սահմանադրական դատարանը, քննելով ՄԻՊ դիմումը, դրույթը հակասահմանադրական չի ճանաչել, սակայն անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել է գտնել իրավական լուծում, որպեսզի քաղաքացիները ստանան ոչ բիոմետրիկ՝ էլեկտրոնային պահոցով անձնագրեր։ Դրա համար կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիներին հնարավորություն ընձեռել անցում կատարել հին նմուշի անձնագրերին։
«Միակ օպտիմալ լուծումը սա էր՝ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ստանալու հին նմուշի անձնագիր»,- ասաց անձնագրային և վիզաների վարչության պետը։
Իսկ թե ինչ է լինելու արդեն իսկ կենսաչափական անձնագրեր ստացած քաղաքացիների հետ, ովքեր դրա համար վճարել են 25 հազար դրամ, ապա Բիչախչյանի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։ Այդ անձնագրերը չեն հանվել շրջանառությունից։ Այդ անձնագրերը մի շարք առավելություններ ունեն, և քաղաքացիները մինչև անձնագրի վավերականության ժամկետի սպառումը կարող են օգտվել այդ առավելություններից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































