Ադրբեջանի ընդդիմությունը դիմել է ուժային կառույցներին՝ պահանջելով հետաքննություն սկսել երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, հաղորդում է haqqin.az-ը:
Ընդդիմությունը, մեկնաբանելով իր պահանջները, հիմնվում է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների վրա, որոնք վերաբերում են Ադրբեջանում կոռուպցիային և Ալիևի կողմից Դուբայում տասնյակ միլիոնավոր դոլարների անշարժ գույք ձեռք բերելուն:
Երկրի նախագահի հանդեպ հետաքննություն սկսելու կոչով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ընդդիմադիր կուսակցությունների վերջերս ձևավորված դաշինք): Ընդդիմադիրներն իրենց պահանջներն ուղղել են Գլխավոր դատախազությանը, Սահմանադրական և Գերագույն դատարաններին և խորհրդարանին:
Հայտնի չէ, թե վերոնշյալ կառույցներն ինչպես են արձագանքել ընդդիմության պահանջին:
Նշենք, որ Դուբայում տներ (որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին) գնելու մասին 2010 թ. գրել էր The Washington Post-ը: Թերթի տվյալներով՝ անշարժ գույքը ձևակերպված է Ալիևի երեխաների անունով:
Ավելի ուշ 2013 թ. գարնանն Ալիևի ընտանիքի անդամները հիշատակվել են որպես օֆշորային ընկերությունների սեփականատերեր։










































