Ֆրանսիացի մոդելավորող Ժան-Փոլ Գոթիեն դարձել է Հռոմում անցկացվող «Ալտա Ռոմա-ալտա մոդա» նորաձևության շաբաթվա պատվավոր հյուրը: Նրա ցուցադրությունը կոչվում է «Ֆրանսուհին», սակայն դիզայների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ֆելինիի «Ճանապարհ» ֆիլմի հերոսուհի Ջելսոմինան: 1954 թվականին նկարահանված ֆիլմը՝ կրկեսի արտիստների տխուր ճակատագրի մասին, «Օսկարի» է արժանացել որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մոդելավորողի խոսքով՝ ողջ իր շոուն Հավերժական քաղաքի ու Ֆելինիի մասին է: Ժան-Փոլ Գոթիեն նշել է, որ բեմում են «Քաղցր կյանքը», «Ճանապարհը», «8.5»-ը:
Ցուցադրությունից զերծ չեն եղել նաև մորթե հագուստները, որոնք բողոքի ակցիաներ պատճառ են դարձել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների շրջանում:









































