Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որի վրա չանդրադառնա գազի գնի թանկացումը: Եթե տնային տնտեսուհիները և առհասարակ ՀՀ քաղաքացիները ամսվա վերջին գազի գնի սպասարկման վարձը մուծելիս տեսնեն, որ ամառվա այս շոգ ամիսներին վճարում են մոտավորապես այնքան, որքան ձմռանը, ապա մեքենայի վարորդները և հատկապես տաքսիների ու երթուղայինների վարորդներն արդեն այսօրվանից տարակուսած են:
«Առաջին լրատվական»-ն այսօր տեղեկացավ, որ գազի սպասարկման կետերը նախկին 180 դրամի փոխարեն՝ այսօրվանից մեկ խորանարդի դիմաց գազը վաճառելու են 240 դրամով:
Մենք նաև մի քանի տաքսու վարորդներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կանդրադառնա գազի գնի թանկացումն իրենց վրա: Մեզ հետ զրույցում վարորդներից մեկը նույնիսկ ցանկություն հայտնեց արտագաղթել Հայաստանից, քանի որ այսօրինակ թանկացումները այլ ելք չեն թողնում: Վարորդներից մեկից էլ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անցկացնեն կամ գործադուլ հայտարարեն, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մեզ ո՞վ է լսողը»:
Նշենք, որ նույնիսկ ոչ մասնավոր տաքու վարորդները խնդրի առաջ են, քանզի այն լիցքավորում է ոչ թե ընկերությունը, այլ իրենք: Վարորդները նաև նշեցին, որ եթե այլ որևէ ելք չգտնվի, ապա ստիպված կլինեն թանկացնել սպասարկման գինը, ինչը, բնականաբար, կհանգեցնի հաճախորդների քանակի նվազեցման:
«Այլ ելք չկա, իհարկե՝ թանկանալու է նաև տրանսպորտի սպասարկման գինը, մենք ամեն կերպ փորձում ենք դիմադրել, բայց դա անհնար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, ում գնահատմամբ՝ տրանսպորտը կդառնա մոտ 160 դրամ, իսկ տաքսու մեկ կիլոմետրի արժեքը՝ մոտ 130 դրամ:
Նա նաև նշեց, որ գազի գինը սահմանվել է Կրեմլում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել այն կանխելու համար:
Պարոն Պողոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է պետությունը սուբսիդավորի թանկացումը, և այն տրանսպորտի վրա չանդրադառնա. «Բանն այն է, որ սուբսիդիան ունի սկիզբ և վերջ, մեկ տարի հետո կավարտվի, նորից կհայտնվենք նույն տաշտակի առաջ: Սուբսիդիան նույն սպառողի գրպանից են վերցնում, այն գոյանում է մեր հարկումներից, բացի այդ՝ Հայաստանում տապալված է էլեկտրատրանսպորտը, այնինչ դա է լուծումը, դա է բանալին»:
Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ Երևանը եզակի քաղաքներից է աշխարհում, որտեղ չի զարգանում նույնիսկ մետրոն:
Մեր զրուցակցին հարց ուղղեցինք՝ հնարավո՞ր է այս թանկացումների պատճառով դժգոհության մեծ ալիք բարձրանա երկրում, ինչին ի պատասխան՝ ասաց. «Անհրաժեշտ է, իհարկե, բայց նման ցույցերը չեն ստանում զանգվածային բնույթ, օրինակ՝ այն օրը, երբ որոշում էր կայացվում գազի գնի հետ կապված, մուտքի մոտ պետք է լիներ 15.000 մարդ, բայց կար ընդամենը մոտ 30 մարդ»:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ նույնիսկ այն, որ միկրոավտոբուսներին փոխարինեցին փոքր ավտոբուսները, ճիշտ է՝ չարյաց փոքրագույնն էր, բայց այդ ավտոբուսները նույնպես քաղաքային ռեժիմի համար չեն նախատեսված:
Նա նաև անդրադարձավ Հայաստանի կողմից «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելուն և նշեց. ««ՀայՌուսգազարդը» մեր երկրում ամենահզոր ձեռնարկությունն է, դա մեծ աղետ կլինի մեր երկրի համար»:








































