Սիրիայի Հալեպ, Իդլիբ և Դերաա նահանգների հերթական գնդակոծությունից և հիվանդանոցների ավերումից հետո ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել վերջ տալ քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացմանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ը շարունակում է հակամարտության բոլոր կողմերին կոչ անել վերջ տալ հիվանդանոցների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ավերածություններին, որն անհրաժեշտ է խաղաղ բնակչությանը, և հարգել իրենց պարտավորությունները՝ կապված միջազգային մարդասիրական իրավունքի հետ»,- ասել է նա:
ՄԱԿ-ում նշում են, որ Հալեպ շրջանում հուլիսի 7-ից ակտիվացել են կառավարական ուժերի և ոչ պետական զինված խմբերի միջև ռազմական գործողությունները:
Բախումների հետևանքով արևելյան Հալեպի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու միակ ճանապարհը կտրվել է: ՄԱԿ-ը պնդում է իր ավելի վաղ հնչեցված նախաձեռնությունը՝ Հալեպ քաղաքի արևելյան շրջանում ապրող 250 հազար մարդու օգնելու համար ամեն շաբաթ սահմանել 48-ժամանոց հրադադար:










































