ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գործող նախագահ Բարաք Օբամային անվանել է վատագույն նախագահը երկրի ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Նախագահ Օբաման պատմություն կմտնի որպես, ըստ ամենայնի, ԱՄՆ ամենավատ նախագահ»,- նշել է նա։
Թրամփի կայքում հրապարակվել է նաև հայտարարություն, որում նա կտրուկ քննադատության է ենթարկում ԱՄՆ առաջնորդին։
«Նախագահ Օբաման անհաջողակ առաջնորդ է, որը պետքարտուղար Քլինթոնի հետ անցկացրել է խաղաղությունն ապակայունացնող և այն վտանգավոր դարձնող արտաքին քաղաքականություն։ Նա արժանի չէ լինելու նախագահ, այնպես, ինչպես դրա համար պիտանի չէ Հիլարի Քլինթոնը»,- ընդգծել է միլիարդատերը։
Նա հիշեցրել է, որ Օբաման և Քլինթոնը «ապակայունացրել են Մերձավոր Արևելքը, Իրաքը, Լիբիան ու Սիրիան հանձնել ԴԱԻՇ-ի ձեռքը, թույլ տվել դիվանագետների սպանություն Բենղազիում»։ Բացի դրանից, Թրամփի խոսքով, նրանք Իրանի համար ապահովել են միջուկային զենքի ձեռքբերման ուղի։ «Այնուհետև նրանք թույլ են տվել, որպեսզի մի քանի տասնյակ վետերաններ մահանան բուժօգնության սպասման մեջ, որն այդպես էլ չի հասել»,- նշել է միլիարդատերը։
Մեկնաբանելով Քլինթոնի նամակագրության հետ կապված սկանդալը՝ Թրամփը հայտարարել է, որ նա սպառնալիքի տակ է դրել ամբողջ երկիրը՝ ապօրինաբար կիրառելով անձնական սերվեր։
Միլիարդատիրոջ խոսքով՝ Օբաման և Քլինթոնը նաև օտարերկրացի հանցագործներին են թողել երկիր, որոնք սպանել են ԱՄՆ խաղաղ բնակիչներին։











































