«Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ 2016թ-ի հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ»։ Նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։
«Առաջին լրատվական»- ը թեմայի շուրջ զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, ով Human Rights Watch-ի աշխատակիցների հետ մասնակցել է զեկույցի պատրաստման աշխատանքներին:
Իրավապաշտպանը նշեց, որ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարությամբ հանդես գալով ներողությունը էր խնդրում լրագրողներից, սակայն դա ձևական քայլ է, նա պետք է հայտնվեր հիվանդանոցներում և անձամբ ներողություն խնդրեր. «Եթե նա չի խոսում պատասխանատվության մասին, և ներողություն է խնդրում, նշանակում է ուզում է փոխարինել, այդ ներողությունը որպես իրավական կատեգորիա շատ բարձր է գնահատում, այնինչ պետք էր անհապաղ քննություն սկսել: Այդ ներողությունը արված է դրսի համար»:
Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ այսպիսի բռնությունն աննախադեպ էր նաև այն առումով, որ իշխանությունը մի կողմից ճնշում էր «Սասնա ծռեր»-ի տղաներին, նրանց հատ-հատ կրակելով և ժողովրդին ճնշելով և բռնության ներդաշնակություն էր ստեղծել:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Սարի թաղում բռի վերաբերմունք է դրսևորվել լրագրողների նկատմամբ. «Այսպիսի ատելությամբ չգիտեմ, թե ինչի պիտի հասնեն»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն կարևորում նման զեկույցները, իրավապաշտպանը նշեց. «Աթոռներին նստած կարևորում են «մեր դեմ խաղ չկա»-ն, սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացնում են այդ փաստերը և գիտեն, թե երբ կօգտագործեն դրանք և կստանան համարժեք արդյունքներ»:
Անդրադառնալով այն փաստին, որ տուժած լրագրողներին պարտադրում են որպես վկա ցուցմունք տալ, հակառակ դեպքում սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել, իրավապաշտպանն ընդգծեց, որ դա ուղղակի անթույլատրելի է. «Այդպես չեն կարող շարունակել, դրսից կլինեն ճնշումներ այդ գործի շրջանակներում»:
«Սա միայն վրեժխնդրություն է, Սերժ Սարգսյանի ստեղծած վրեժխնդրության մթնոլորտն է: Նա որևէ քայլ չի արել վրեժխնդրության մթնոլորտը փոխելու մասին, բառերը չեն փոխում, մարդը պետք է գործողություններ անի: Ինչքա՞ն կարող են բանտերը լցնել: Անմարդկային վերաբերմունք է,- մտահոգություն արտահայտեց Ժաննա Ալեքսանյանը,- Աղվան Գառնիկիչը չնայած շատ լավ գիտի՝ ինչպես վարվել այսպիսի իրավիճակներում, ինչ է կամենում շեֆի սիրտը, և այդպես էլ նա անում է, բայց կարծում եմ՝ Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, որոնք առողջական ծանր վիճակում են, ուղղակի ցուցում կա, որ նրանք հայտնվեն բանտերում»:
Իրավապաշտպանի խոսքով՝ այսպիսով՝ քաղբանտարկյալների թիվը կավելանա, մենք կնմանվենք Ադրբեջանին, և մեզ հետ կվարվեն ինչպես չորրորդական-հինգերորդական երկրի հետ:
«Ս. Սարգսյանն իր խոսքում կրկնում է՝ մենք թույլ չենք տա բռնություն, բայց միայն բռնությամբ են հարցեր լուծում, լրագրողներին, ցուցարարներին ծեծի են ենթարկում»,- նկատեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ լրագրողների աշխատանքը, ուղիղ միացումները նրանց ուղղակի կաշկանդել են ավելի զազրելի գործողություններ իրականացնել, իրավապաշտպանը նշեց, որ նրանք անկաշկանդ էին գործում, նույնիսկ ուղիղ եթերում էին բռնության ենթարկում:
«Ես ինչո՞ւ պետք է հարգեմ ոստիկանին, որևէ քաղաքացի պարտավոր չէ հարգել: Ոստիկանություն գոյություն չունի, թող նոր անուն մտածեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամանսերը՝ տեսանյութում:







































