ԱՄՆ-ի իշխանությունները պետք «սառեցնեն» Եգիպտոսին հատկացվող օգնությունը: Կիրակի օրը CBS հեռուստաընկերության եթերում նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
Նա Եգիպտոսի զինված ուժերի կողմից նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելը բնութագրել է որպես «հեղաշրջում», ինչը վկայում է «ամերիկյան ազդեցության և առաջնորդության անբավարար լինելու մասին»: «Մենք Եգիպտոսի զինված ուժերին կոչ ենք արել չվարվել նման կերպ»,- ասել է Մաքքեյնը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարեցնենք Եգիպտոսին օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ունենա նոր Սահմանադրություն, և տեղի չեն ունենա ազատ և արդար ընտրություններ»,- ասել է օրենսդիրը:
Դրանով հանդերձ՝ նա Եգիպտոսում լարված ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատվությունը դրել է Մուրսիի վրա: «Մուրսին սարսափելի նախագահ էր: Նրանց տնտեսությունը քաղաքական պատճառով գտնվում է սարսափելի վիճակում»,- ասել է Մաքքեյնը:
«Սակայն փաստն այն է, որ ԱՄՆ-ը չպետք է աջակցի այդ հեղաշրջմանը»,- ամփոփել է նա:








































