ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կնոջը՝ Թերեզա Հայնց Քերիին, ծանր վիճակով տեղափոխել են Մասաչուսեթսի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
74-ամյա Թերեզա Հայնց Քերիին հոսպիտալացրել են Նանտակետ քաղաքի հիվանդանոց, հուլիսի 7-ի ցերեկը: Այս մասին հայտնել է բուժհաստատության պաշտոնական ներկայացուցիչը: Ամուսինն ուղեկցել է նրան: Տիկնոջ հիվանդության մասին հիվանդանոցի ներկայացուցիչը ոչինչ չի ասել:
Այնտեղից պետքարտուղարի կնոջը տեղափոխել են Բոստոնի հիվանդանոց՝ փոխանցել է Պետդեպի մամլո քարտուղարը: Կրկին մանրամասներ չեն հաղորդվում:
Պետդեպի մամլո ծառայությունը նախազգուշացրել է, որ Ջոն Քերիի աշխատանքային գրաֆիկում առաջիկա օրերին հնարավոր են փոփոխություններ՝ կապված կնոջ առողջական վիճակի հետ:
Թերեզա Հայնցը ամերիկացի նախկին սենատոր Ջոն Հայնցի այրին է, սոուսների արտադրության Heinz ընկերության ժառանգորդը: Նա Քերիի հետ ամուսնացել է 1995 թվականին: Երկուսի համար էլ ամուսնությունը երկրորդն էր:
Նշենք, որ 2009 թվականին Թերեզա Հայնց Քերին կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցել:








































