Trend գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն ավարտելու համար անհրաժեշտ է ևս 2 տարի:
«Այսօր ես հավաստիացա, որ մեր հատվածի շինարարությունը չի ավարտվի ոչ այս, ոչ հաջորդ տարի, այլ միայն 2 տարի անց»,- հայտարարել է Վրաստանի նախագահը՝ այցելելով Սամցխե-Ջավախեթիի շրջան:
«Ես մտադիր էի իմ նախագահության ավարտին՝ մինչև 2013թ. վերջը, բացել երկաթուղին, սակայն, ցավոք, դա տեղի չի ունենա»,- նշել է նա:
Սաակաշվիլին ընդգծել է, որ փաստացի նոր երկաթուղին միավորում է Լոնդոնն ու Պեկինը, և դա Վրաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների համար ճանապարհ է դեպի Եվրոպա:
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ձգձգմանը զուգահեռ խոսակցություններ են տարվում Աբխազիայի երկաթուղու մոտալուտ գործարկման մասին:
«Դա ռուսական նախագիծ է, ու դրանով Մոսկվան դարձյալ ցանկանում է ամրապնդվել տարածաշրջանում՝ խանգարելով դեպի Արևմուտք մեր զարգացմանը, նաև՝ նոր ճանապարհի բացմամբ: Դա կեղտոտ խաղ է, ու Վրաստանի կառավարությանը կոչ եմ անում չմասնակցել դրան»,- ընդգծել է Սաակաշվիլին:











































